«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի կրկնօրինակն է, որն այժմ սրբությամբ պահվում է Վենետիկի Ս․ Ղազար կղզում։
Ըստ ավանդության, 1692 թ․ այս սրբապատկերի առաջ է աղոթել Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին և բժշկվել աչքերի հիվանդությունից։ Նրա աղոթքի ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը, և նա օրհնել է Մխիթարին՝ այո ասելով հայագիտական կազմակերպություն ստեղծելու նրա փափագին։ Հ․ Ղևոնդ Ալիշանը մեծ ցանկություն ուներ ստանալ այս սրբապատկերի կրկնօրինակը լուսանկարի կամ գունանկարի ձևով։ Նա մի քանի նամակներ է գրում Մայր Աթոռի միաբաններին՝ հույս ունենալով, որ կրկնօրինակումը կանի Վարդգես Սուրենյանցը։
1903 թ․ Խրիմյան Հայրիկը Մխիթարյաններին է նվիրում սրբապատկերի կրկնօրինակը, որը կատարել էր Ենովք Նազարյանը Տփղիսում։
Բնօրինակն այժմ ցուցադրվում է ՀՀ Ազգային պատկերասրահում։ Ինչո՞ւ այս մասին հիշեցի․ այս սրբապատկերը մեզ հասած եզակի գանձ է, որի հրաշագործ լինելու մասին բազում վկայություններ կան։
Ի վերջո, մեկ օր արդարությունը պետք է հաղթանակի, և այս սրբապատկերը կրկին պետք է վերադառնա իր բնօրրանը՝ եկեղեցի։
Ես հավատում եմ այդ օրվան։
Տիրամոր բարեխոսությունն ամենքիս հետ լինի հատկապես այս դժնդակ օրերին․ ամեն։
Հայր Զաքարիա
«ԴԵՊԻ ԼՈՒՅՍ»-ի ՖԲ էջից